Ինչ տարօրինակ բան ասես, որ չես լսի: Վերջիններից մեկի հեղինակը պակիստանյան արմատներ ունեցող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, բրիտանացի Ամիր Խանն է, ով վստահեցնող տոնով հայտարարել է, որ աշխարհահռչակ Ֆլոյդ Մեյվեզերի հերթական մրցակիցը հենց ինքն է լինելու՝ ի մասնավորի ասելով. «Նույնիսկ տաքսիստը, ում հետ խոսել եմ Լաս Վեգասում, հույս ունի, որ նոկաուտի կենթարկեմ Մեյվեզերին»:
Ընդհանրապես պիտի նկատել, որ տաքսիստները վարսավիրների ու կոշկակարների հետ մեկտեղ աշխարհի ամենաինֆորմացված կաստայի ներկայացուցիչներն են, ու թերևս նրանցից մի փոքր ավելին գիտեն միայն գաղտնի ծառայությունների աշխատակիցները՝ այն էլ շնորհիվ հենց նրանց հավաքականությունից քաղած ինֆորմացիայի: Սակայն սույն փաստը Խանին, կարծես թե, պիտի բավարար հիմք չտար նման կատեգորիկ եզրահանգում անելու, քանի որ՝
ա. Մեյվեզերն իր ատամի բանը չէ,
բ. նրան հասնելու անգամ ամենաաղոտ հեռանկար չի կարող ունենալ, եթե ամերիկացին այդ ցանկությունը չունենա,
գ. Բրիտանիան իր ողջ բյուջեն պիտի դնի Ֆլոյդի ֆինանսական ախորժակը բավարարելու համար, ինչը, բնականաբար, չի անի,
դ. ամերիկացուն նոկաուտի ենթարկելու երազանքով ապրում է մարզիկների արդեն երկու սերունդ, իսկ նա ոչ միայն նոկդաունում չի եղել քառասունին մոտեցող իր մրցամարտերում, այլև նույնիսկ դեմքի կապտուկի «տեր» չի դարձել:
Թվարկումը կարելի է այլ կետերի հիշատակումով երկարացնել, սակայն բավարարվենք այսքանով, քանի որ դրանցից ավելի շատ Մեյվեզերի արժանիքների վկայակոչումների թիվն ենք ավելացնելու ու ոչ թե Ամիր Խանինը, ով, խոստովանենք, բավականին բուռն մուտք ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտ, անգամ հասցրեց աշխարհի չեմպիոն դառնալ, սակայն շարքային չեմպիոնից լեգենդար բռնցքամարտիկ դառնալու ճամփին անվերադարձ խճճվեց ու այդ խճճանքի մեջ էլ մնաց: Այնպես որ, նրան հույս տված տաքսու վարորդն ընդամենը բարի կամք է դրսևորել, իսկ տղան միամտորեն հավատացել է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ